Հուսամ հիմա հասկացան հատկապես նոր ուժերը, թե ինչքա՜ն դժվար է իշխանության հետ ընտրություններում մրցակցելը, հատկապես, երբ քաղաքական խոսքը թույլ է, երբ ռեսուրսները սակավ են, երբ ավելորդ ինքնավստահությունը թույլ չի տալիս կայացնել ռացիոնալ որոշումներ և պրակտիկ գործողություններ, իսկ իշխանությունը պատրաստ է հաղթել ցանկացած գնով։
Հասարակության սոցիալական ստրատիֆիկացիան (սոցիալական շերտավորում) հաշվի չառնելը և միաշերտ քարոզչությունը խաթարում է ռացիոնալ գործողությունների շղթան։
Իշխանությունը հստակ գիտի, թե որն է իր սոցիալական բազիսը, ո՞ր սոցիալական շերտի վրա է հենվելու և այդ սոցիալական շերտը ի՞նչ ուղերձներ է ակնկալում։
Բոլոր ժամանակներում իշխանության հենարանը եղել են այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ կապված են պետության սոցիալական ծրագրերից՝ հաշմանդամներ, թոշակառուներ, պետական նպաստ ստացողներ (ինչքան էլ տարօրինակ է, աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչությունը հիմնականում հակված է ընտրել իշխանությանը) պետական-համայնքային ծառայողներ, ուժային կառույցներ և ՀՈԱԿ–ՊՈԱԿ մյուս աշխատակիցներ։ Իհարկե պարտադիր չէ, որ նշված բյուրոկրատական ապարատի աշխատակիցները միատարր լինեն իշխանության ընտրողներ, սակայն սա իշխանության հիմնական հենարանն է բոլոր ժամանակներում։
Հետևաբար, ընդդիմադիր ուժերի հիմնական թիրախային խումբը երիտասարդներն ու հասարակության առավել առաջադիմական ուժերն են, որոնք հակված են փոփոխությունների, միջին խավը, որը չունի կախվածություն իշխանության «ողորմածությունից», մասնագիտական հանրույթը, և այլն։
Հետևաբար, կարևոր է ռացիոնալ գնահատել առկա ներուժը, և չփոշիացնել այն պոտենցիալ քվեները, որոնք կարող են էական դեր խաղալ իշխանության փոփոխության հարցում։ Համոզել հասարակությանը ակտիվորեն մասնակցել ընտրություններին և նպաստել ընտրական իրավունք ունեցող բնակչության մոտ ընտրությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության։
Ընտրությունները ո՛չ թե ապաքաղաքականացնել, այլ հակառակը՝ դարձնել լիովին քաղաքական, բոլոր ուղերձները հենել քաղաքական ինքնության վրա։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ